Հայերը Թուրքիայում վախի մեջ են ապրում՝ Բունդեսթագում հայոց ցեղասպանության ճանաչումից հետո հայ փոխանորդը Էրդողանին «համերաշխություն» է հայտնում, իսկ արքեպիսկոպոսի հոտը զգուշանում է վրեժից ու բռնություններից՝ գրում է AsiaNews-ը (Հռոմ, Իտալիա): Էթնիկ հայերը Թուրքիայում՝ մոտ 100 000, հայտնվել են «բռնավորի» վիճակում երկրում, որ դժգոհ է, և տագնապով սպասում են ուլտրաազգայնական խմբերի պատասխան քայլերին, որ կարող են օգտագործել իշխանությունների, հատուկ ծառայությունների ու զինվորականների աջակցությունը: Դա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի կատաղի ելույթների արձագանքն է: Նա հայտարարեց, որ կարող է երկրից արտաքսել հայերին՝ թե թուրքական քաղաքացիություն ունեցողներին, թե ներգաղթյալներին: AsiaNews-ի հետ զրուցած հայերը նշել են «վախի մթնոլորտը»:
Կառավարության տեղեկատվական քաղաքականությունն այնքան «հայատյաց» է դարձել, որ հնարավոր են ամենաանսպասելի հետևանքներ: Նախկին ուսուցիչ հայն ասում է,որ հայերը Թուրքիայում իրենց զգում են «պատանդ»: Նրա խոսքով՝ Թուրքիան չի կարող ընդունել, որ Գերմանիան ճանաչել է սեփական պատասխանատվությունը հայ ժողովրդի ոչնչացման մեջ՝ զրկելով Անկարային իր մեղքը հերքելու հնարավորությունից: Լարումը թուլացնելու փորձ արեց Կոստանդնուպոլսի պատրիարքի տեղապահ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, որ ուզում է Էրդողանի աջակցությամբ պատրիարք դառնալ, նրան երկար նամակ ուղղելով: Աթեշյանը գրում է, որ Բունդեսթագի որոշումը «խոր ափսոսանք է առաջացրել հայ ժողովրդի մեջ»: Փոխանորդը պարզապես կրկնել է՝ ինչ ասել է Էրդողանը, երբ քննադատել է Գերմանիային բառապաշարով, որ կանցլեր Մերկելն «անընդունելի» բնորոշեց:
Այնուհանդերձ, արքեպիսկոպոսի դիրքորոշումը հասկանալի է՝ իբրև ապագա պատրիարք, նա պետք է պաշտպանի իր հոտը թուրք ազգայնականների բացասական արձագանքից ու Էրդողանի իսլամիստական էքստրեմիզմից: Հայկական մամուլը նվազ հանդուրժող էր փոխանորդի նկատմամբ: Սփյուռքի հայերը Աթեշյանին կոչ արեցին գործել իբրև «Քրիստոսի Եկեղեցու իսկական ղեկավար» և Ֆրանցիսկոս պապից սովորել «խիզախություն» բառի իմաստը՝ հղում անելով հայերի ցեղասպանության մասին պոնտիֆիկոսի հայտարարությանը 2015-ի ապրիլի 12-ին Սուրբ Պետրոսի տաճարում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Վատիկանն ընկալում է փաստերն առանց հուզական վերաբերմունքի, որ մեր պարագայում բացառվում է: Արամ Աթեշյանը նրանց տեսակետից հոգևորական է, որ ուզում է դառնալ պատրիարք և պաշտպանել հոտը անկանխատեսելի քայլերից: Հռոմը, իհարկե, բավականաչափ հեռու է Ստամբուլից, բայց ոչ այնքան, որ չերևար՝ Արամ Աթեշյանը ոչնչով չի կարող կանխել ազգայնականներին ու էքստրեմիստներին, եթե նրանք ունեն Թուրքիայի իշխանության աջակցությունն ու եթե նրանց գրոհի հրաման տրվի: Բայց իր նամակով Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կարող է ստանալ խալիֆ Էրդողանի բարեհաճությունը՝ պատրիարք ընտրվելու համար: Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը հազիվ թե երբևէ կարողանա վերադառնալ պատրիարքի իր պարտականություններին ու հաստատ դա նրան անմահ չի դարձնում: